168․am-ն այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 10-12-ը Բաքվում տեղի ունենալիք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հերթական երկկողմ կլոր սեղանին մասնակցելու համար խումբն արդեն ճանապարհ է ընկել։
Ցանկում ընդգրկված են մարդիկ, որոնք հիմնականում սպասարկում են ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը և թերևս երբեք կասկածի տակ չեն դնում ՔՊ-ի ու նրա առաջնորդի որոշումներն ու տեսլականը։
Թե որքանո՞վ է այս խումբը «քաղհասարակություն», և, թե ո՞ւր մեզ կտանի «խաղաղության կամուրջը»՝ հարցադրումներին պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Որևէ ադեկվատ մարդ, որևէ ադեկվատ հասարակություն չի կարող դեմ լինել խաղաղությանը և, այո՛, տարածաշրջանում պիտի լինի խաղաղություն։ Բայց արդյո՞ք այն, ինչ կա, կամ՝ այն իմիտացիան, որը փորձ է արվում հանրությանն ուտեցնել՝ որպես խաղաղություն, որևէ աղերս ունի խաղաղության հետ։
Ընդամենը երեկ Ալիևը կրկին մի մեծ պրեզենտացիա էր արել և նորից նշեց, թե Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է, և նորից դիմեց Հայաստանի իշխանություններին` ասելով, որ՝ դուք իրավական օրենսդրական բազա պետք է ստեղծեք 300.000 ադրբեջանցիների և նրանց սերունդների լեգիտիմ վերադարձի համար իրենց պատմական հողերը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Քաղաքական գործիչն այս համատեքստում հիշեցրեց «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը, որ հայկական հետքը, հայի հետքը պիտի տարածաշրջանից վերացվի, ինչպես նաև՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի դիմումը` ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով կոչ էր անում մարտի 31-ը ճանաչել հայերի կողմից 1918թ. ադրբեջանցիների հանդեպ իրականացված ցեղասպանության օր։
«Հիմա հարց՝ «Բորիս Նավասարդյան, Ռուբեն Բաբայան ընդ քոմփնի»-ին, դուք, որ հասնեք Բաքու, այս մասին հարցեր տալո՞ւ եք։ Այսօր էլ Մարաղայի ջարդերի օրն է․ Մարաղայի ջարդերից խոսելո՞ւ եք, հա՞, խոսելո՞ւ եք այն մասին, որ Մարաղայի հոգեբուժարանից անգամ հայ կանանց հանել էին, ձեռնաշղթաներով գամել էին գետնին և շան կերակրամանով մի կտոր բան էին դրել էդ կանանց դիմաց։ Այդ կադրերը մենք տեսել ենք և ներկայացրել ենք միջազգային կառույցներին։
Խոսելո՞ւ եք այն մասին, որ ինչքան ժամանակ է անցել «դատական նիստի» ավարտից, բայց Բաքվում գտնվող մեր ռազմագերիներն առ այս պահը չեն կարողանում ստանալ դատավճիռները, որպեսզի կարողանան բողոքարկել, որ Ռուբեն Վարդանյանին և մյուսներին այլևս զրկում են կապի որևէ հնարավորությունից։ Այդ մասին խոսելո՞ւ եք, թե՞ ոչ, թե՞ ընդունելու եք Ալիևի այն հայտարարությունը, որ նրանք Նյուրնբերգյան դատավարության ֆաշիստ հանցագործներից շատ ավելի ծանր հանցագործներ են և պիտի մնան բերդում։
Խոսելո՞ւ են այս մասին, թե՞ փորձելու են ընտրությունից առաջ խաղաղության ինչ-որ դեսերտ ուտացնել հասարակությանը, որովհետև հասկանալի է, չէ՞, պատերազմներից, կորուստներից, Եռաբլուրից, մշտական ցնցումներից հետո ցանկացած հասարակություն շատ ավելի զգայուն է «պատերազմ» բառի հանդեպ և շատ ավելի է ուզում լսել խաղաղություն բառը։
Բայց եթե միայն լսելով է խաղաղությունը գալու, եկեք ամբողջ օրը 24 ժամ էդ բառը միացնենք և արտաբերենք»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։









