Քնեսետում Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ճրագալույցի արարողությունը կկատարվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, սակայն դեռևս հստակ չէ, թե որքան մարդ կթույլատրվի մասնակցել կամ արդյոք ներկա կլինեն միայն հոգևորականները։
Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ վերջին համեմատաբար մոտ պայթյունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, իսկ այժմ լսվում են միայն հեռավոր պայթյունների ձայներ։
Կիրակոսյանը նշել է, որ հայ համայնքը Ծաղկազարդը նշել է անցյալ կիրակի՝ հին տոմարով։ Միևնույն ժամանակ, կաթոլիկները ևս պետք է նշեին Ծաղկազարդը, սակայն անվտանգության նկատառումներով մեծաթիվ մարդկանց թույլ չի տրվել մոտենալ Հարության տաճարին։
Համայնքում ենթադրում են, որ նման սահմանափակումներ կգործեն նաև հայերի համար, եթե իրավիճակը չկայունանա մինչև Զատիկ՝ Հարության տոնը։
«Այս օրերին հրեաները նշում են Պեսախը, և տոնակատարությունները շարունակվում են մեկ շաբաթ։ Եթե նրանց թույլատրվի մեծ թվով մոտենալ Քոթելին՝ Լացի պատին, ապա հնարավոր կլինի պատկերացում կազմել նաև քրիստոնյաների համար սահմանվող սահմանափակումների չափի մասին։
Կիրակոսյանի խոսքով՝ նախապես խոսվում էր, որ ճրագալույցին կմասնակցի մոտ 150 մարդ՝ հոգևորականների և հավատացյալների մասնակցությամբ, սակայն այժմ քննարկվում է տարբերակ, ըստ որի՝ կարող են թույլատրել միայն հոգևորականների ներկայությունը։
«Այս պահին իրավիճակը այսպիսին է», — նշել է Բեդիկ Կիրակոսյանը։









