Foto

Պահանջված բուժծառայությունը հասանելի կդառնա Սյունիքի քաղաքացիներին

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը երկօրյա այցով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էր. այս մարզերի շտապօգնության ծառայություններում մեկնարկում են Հանրապետական շտապօգնությանը միանալու աշխատանքները:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում և Սիսիանում  Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանի և ՇՕ բուժական գծով տեղակալ Էդուարդ Վարդանյանի հետ նախարարի տեղակալը մասնակցել է շտապօգնության նոր կայանների տեղորոշման աշխատանքներին, քննարկել կայանների կառուցման, վերազինման նախագծերը:

Արմեն Գասպարյանը եղել է նաև Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնում, որտեղ նախատեսվում է ներդնել պետական կարևորագույն ծրագրերից մեկը` Կաթվածի ազգային ծրագիրը. այսպիսով շատ պահանջված այս բուժծառայությունը տեղում հասանելի կդառնա Սյունիքի մեր քաղաքացիներին:

Հանրապետական շտապօգնությանը միանալու աշխատանքները Վայոց ձորում ևս կայանների տեղորոշման փուլում է. փոխնախարարը մասնակցել է այդ աշխատանքներին, այցելել է Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի բուժկենտրոններ և պոլիկլինիկաներ:

Այս մարզերի` Հանրապետական շտապօգնության ծառայությանը միանալով` կամբողջանա Միասնական շտապօգնության ծառայության գործարկումը: