Foto

Ավարտվեց Կովկասյան միջազգային 11-րդ մաթեմատիկական օլիմպիադան

Մաթեմատիկայից կազմակերպվող օլիմպիադաները, և ընդհանրապես առարկայական բոլոր օլիմպիադաները, կարևոր առաքելություն ունեն:

Այն նախ միտված է օժտված երեխաների հայտնաբերմանը:Նման միջոցառումները զարգացնում են  սովորողների խորքային ու ոչ ստանդարտ մտածողությունը, խթանում  մասնակիցների հետազոտական մոտեցումները:

Մաթեմատիկական առաջին մրցույթը կազմակերպվել է Հունգարիայում՝ դեռևս 1894թվականին և կրում էր «Էթվեշի մրցույթ» անվանումը:

Առաջին մաթեմատիկական   օլիմպիադաները կազմակերպվեցին 1930-կաններին, երբ  Լենինգրադ և Մոսկվա քաղաքներում կազմակերպվում էին դպրոցականների միջև մաթեմատիկական մրցույթներ: 1967-ին կազմակերպվեց առաջին համամիութենական օլիմպիադան մաթեմատիկայից։

Առաջին միջազգային մաթեմատիկական օլիմպիադան կազմակերպվեց 1959-ին՝ Բուխարեստում:

Օրերս ՌԴ Մայկոպ քաղաքում ավարտվեց Կովկասյան միջազգային մաթեմատիկական 11-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին 13 երկրների ու ՌԴ 21 ռեգիոնների 154 դպրոցականներ:

Նկատենք, որ այս հետաքրքիր, վերին աստիճանի կազմակերպված միջոցառումը սկիզբ է առել 2015 թվականից ու նրա կազմակերպիչներ են հանդիսանում Ադըգեյի հանրապետության ԿԳ նախարարությունը, Ադըգեյի պետական համալսարանը, Կովկասի մաթեմատիկական կենտրոնը,հանրապետական բնագիտամաթեմատիկական դպրոցը և Պոլյարիս կրթական կենտրոնը: Կովկասյան մաթեմատիկական միջազգային օլիմպիադայի աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել Կովկասի աշխարհագրական սահմաններից՝ վերածվելով միջազգային կարևոր ստուգատեսի:

Այս աշխատանքների հիմնական կազմակերպիչը, ողջ էությամբ այդ գործի նվիրյալ, տեղի պետական համալսարանի ռեկտոր, մաթեմատիկոս Դաուդ Մամիյն է: Նրա ջանքերի շնորհիվ այդ օրերին, և ոչ միայն, Մայկոպում է հավաքվում ՌԴ առաջատար մաթեմատիկական միտքը՝ գիտական, մանկավարժական ու հանրամատչելի ուղղություններով:

Անցած տարիներին աշխարհի 22 պետությունների և ՌԴ 26 ռեգիոնների ավելի քան 1500 սովորողներ դարձել են օլիմպիադայի ու նրա շրջանակներում կազմակերպվող հետաքրքիր միջոցառումների մասնակից:

Օլիմպիադան կազմակերպվում է առկա-հեռավար փուլերով:Օլիմպիադայի օրերին՝  ս. թ. մարտի 13-ից 18-ը ներառյալ, նրա մասնակիցները ոչ միայն լուծում էին հետաքրքիր օլիմպիական առաջադրանքներ, այլև մասնակցում էին կազմակերպված գիտահանրամատչելի միջոցառումների՝ մաթեմատիկայից, և ֆիզիկայից, ինչպես նաև «Ինտեգրալ քաղաքով» զանգվածային միջոցառմանը, երբ մաթեմատիկական մրցույթի մասնակից են դառնում փողոցներում գտնվող քաղաքացիները:

Անցած 10 օլիմպիադաների առաջադրանքների ժողովածուն՝ լուծումներով հանդերձ նվիրվեց բոլոր մասնակիցներին:

Այդ օրերին օլիմպիադայի մասնակիցների համար հետաքրքիր դասախոսություններ ներկայացրեցին ՄՖՏԻ-ի պրոֆեսոր, ԿՄԿ-ի տնօրեն Անդրեյ Ռայգորոդսկին, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Ա.Սավատեեվը, Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հաղթող Դ.Դեմինը և ուրիշներ:

Արդեն երրորդ տարին անընդմեջ, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հետ միասին հրավիրվում ենք օլիմպիադային, որպես դասախոսներ: Պետք է նշել, որ մեր լավագույն ֆիզիկոսներից Հայկ Սարգսյանը, ով նաև Սանկտ Պետերբուրգի նշանավոր  պոլիտեխնիկի պրոֆեսոր է, բառի լայն իմաստով դարձել է այդ օլիմպիադայի ամենապահանջարկված հյուրերից մեկը՝ ում դասախոսությանը մասնակիցները անհամբերությամբ են սպասում:Բանն այն է, որ Հայկը նաև ՌԴ կրթության ոլորտում կայացած նախագծերից մեկի՝  Սիրիուսի կրթական կենտրոնի  հրավիրված ուսուցիչ է, ու նրա աշակերտերի մի մասը նաև կովկասյան օլիմպիադայի մասնակիցներ են…

Այս տարի մասնակից  ապագա մաթեմատիկոսների համար հետաքրքիր զեկուցում կարդաց հայտնի ֆիզիկոս,ՌԴ ԳԱ էքս նախագահ, ակադեմիկոս Ա.Սերգեեվը, ով այժմ հանդիսանում է ԳԱ Ֆիզիկայի և մաթեմատիկայի ազգային կենտրոնի ղեկավարը:Նրա զեկուցումը վերնագրված էր այսպես՝ «Գիտության ժամանակը»:

Օլիմպիադան ունի հեղինակավոր ժյուրի, որի կազմում են ՌԴ օլիմպիական թիմի գլխավոր մարզիչ Կիրիլ Սուխովը,Պավել Կոժեվնիկովը,Նազար Աղախանովը,Նիկոլայ Անդրեեվը, Դմիտրիյ Բելովը,Սերգեյ Բոյչենկոն,Կարինե Կույումջյանը և այլք:

Կարծում եմ մասնակիցների ընդհանրական կարծիքը հայտնած կլինեմ, եթե նշեմ, որ օլիմպիադայի  կազմակերպման ու անցկացման գործում հանգուցային դերակատարում ունի տեղի պետական համալսարանը, որը   զարգացող դասական համալսարան է, որի կոլեկտիվի անդամները նաև  հյուրասեր և հյուրընկալ մարդիկ են…

Ուրախությամբ նշենք որ այս տարի ՀՀ-ն ներկայացված էր բավականին ներկայացուցչական թիմով, իսկ թիմի անդամ Տիգրան Հախեյանը օլիմպիադայի բացարձակ հաղթողներից մեկն էր ու ոսկե մեդալակիր…

Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ օլիմպիադաների կազմակերպումը նպաստում է գիտության նկատմամբ սովորողների մոտ հետաքրքրությունների դաստիարակմանը և գիտության հանրայնացմանը, ժամանակին մենք հանդես եկանք կոնկրետ ֆիզիկայի ուղղությամբ նմանատիպ միջազգային օլիմպիադա ՀՀ-ում կազմակերպելու առաջարկությամբ ու շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքները:

Տեղին է նաև նշել, որ ԱՀ-ում կա բազմահազարանոց հայկական համայնք ու Օլիմպիադայի վերջին օրը մենք հրավիրված էինք տեղի Եղիշե Չարենցի անվան կրթամշակութային հետաքրքիր կյանքով ապրող կենտրոն (մենք իմացանք, որ 1918-ին Եղիշե Չարենցը ընտանիքով Մայկոպում էր ապրում), որը տեղի հայկական եկեղեցուն կից է, իսկ նրան կից կառուցվում է ավելի մեծ եկեղեցի: Հանդիպումը հետաքրքիր էր,հարցաշատ ու սպասելիքներով լի։

Կամո Աթայան
Մ.գ.դ., պրոֆեսոր