Foto

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

ՆԳ նախարարությունից պարզաբանում են տարածել․

«Մարտի 20-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված «ՆԳՆ-ն հրատապ մեկ անձ եղանակով 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ է գնել «Արտլանչ»-ից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերով։

 

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարիքների համար հրատապ մեկ անձ գնման ձևով պայմանագիր է կնքվել «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության հետ՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Գնման ընթացակարգը կազմակերպվել է մեկ անձից, հրատապությունից ելնելով՝ քանի որ նախորդ պայմանագիրը գործել է 2021 թվականից մինչև 2026 թվականի մարտի 10-ը։

ՀՀ ՆԳՆ կողմից դեռևս 2025 թվականի հոկտեմբեր ամսից ձեռնարկվել են գնման գործընթաց իրականացնելու աշխատանքները, սակայն այն ձգձգվել է, քանի որ նոր գնման ընթացկարգ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ ՀՀ կառավարության հավանությունը՝ տարածքները մատակարար ընկերությանը ուղիղ ձևով վարձակալությամբ հատկացնելու վերաբերյալ, որի համար անհրաժեշտ էր իրականացնել վարձակալությամբ տրամադրելու շուկայական ամսական արժեքի գնահատման գործընթաց։

Այդ նպատակով ՀՀ ՆԳ նախարարության կողմից կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում Նախարարությունը դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ վերոնշյալ գործընթացն իրականացնելու նպատակով:

Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից գնահատման արդյունքները ՀՀ ՆԳՆ-ին տրամադրելուց հետո վարձավճարի չափերը ներառվել են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որը և ուղարկվել է ՀՀ կառավարություն։

Հավելենք նաև, որ պայմանագրի գինը՝ 160,000.0 հազ. ՀՀ դրամը սահմանում է առավելագույն արժեքը, և վճարումները իրականացվում են բացառապես փաստացի մատուցած ծառայությունների դիմաց։ Բացի այդ, պայմանագրով նախատեսվել է, որ մրցակցային ընթացակարգով գնման գործընթացի արդյունքում պայմանագիր կնքելու դեպքում սույն պայմանագրի գործողությունը կդադարի»։