Foto

Ռուսաստանից Հայաստան է այցելել 938 հազար զբոսաշրջիկ

Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2025 թվականին կազմել է 2 մլն 263 հազար, որից 938 հազարը եղել են Ռուսաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Համաձայն՝ ՀՀ սահմանային անցման կետերով հավաքագրված նախնական տվյալների՝ 2025-ի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվաքանակը կազմել է 2 մլն 263 հազար՝ 2024թ. նույն ցուցանիշը գերազանցելով 2.5 տոկոսով: Մասնավորապես Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է շուրջ 938 հազար՝ ընդհանուր այցելությունների մեջ կազմելով 43 տոկոս»,-ասաց նախարարը:

2025-ի ընթացքում զբոսաշրջային այցելությունների աճը Պապոյանը պայմանավորեց մի շարք հանգամանքներով, որոնք եղել են և քաղաքական, և մասնագիտական: «Քաղաքականը համարում ենք օգոստոսի 8-ին և դրան նախորդած և հաջորդած շրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Հայաստանում խաղաղության հաստատումը: Իհարկե, էական նշանակություն է ունեցել նաև կատարված աշխատանքը՝ մասնավորապես ցուցահանդեսներին մասնակցությունը, հեղինակավոր պարբերականներում Հայաստանի մասին տեղեկատվության հրապարակումը, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, թվային մարքեթինգը, ճանաչողական այցերը, ուղիղ չվերթները և այլն»,-ասաց նախարարը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2025թ կազմել է ավելի քան 8 մլրդ դոլար: 2025-ին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դոլար: