ՆԱՏՕ-ն ևս մեկ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ է տեղակայում Թուրքիայի հարավային Ադանա նահանգում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի և այլ երկրների անձնակազմերը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և սահմանակից է Իրանին, անցյալ շաբաթ հայտարարել է, որ դաշինքը Patriot համակարգ է տեղակայել իր հարավարևելյան Մալաթիա նահանգում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես իրանական պատերազմից հրթիռային սպառնալիքների դեմ օդային պաշտպանության ուժեղացման քայլերի մաս:
Ադանայում է գտնվում Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազան, որտեղ թուրքական զորքերի հետ միասին տեղակայված են անձնակազմեր ԱՄՆ-ից, Կատարից, Իսպանիայից և Լեհաստանից:
«Ի հավելումն մեր օդային տարածքի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված ազգային մակարդակի միջոցառումների, Գերմանիայի Ռամշտայնում գտնվող Դաշնակցային օդային հրամանատարության կողմից գործուղված ևս մեկ Patriot համակարգ է տեղակայվում Ադանայում՝ ի լրումն այնտեղ արդեն իսկ գտնվող իսպանական Patriot համակարգի»,- հայտնել է նախարարությունը շաբաթական ճեպազրույցի ժամանակ:









