Foto

Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

Ղազախստանում մեկնարկել է երկրի նոր Սահամանդրության վերաբերյալ համազգային հանրաքվեն. տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 19.21 տոկոսը (2 միլիոն 393 հազար 844 քաղաքացի):

‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ղազախստանցիները մարտի 15-ին անցկացվող հանրաքվեին կկարողանան մասնակցել տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ը։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Ալմա-Աթայում՝ 9.54 տոկոս, իսկ ամենաբարձրը՝ մայրաքաղաք Աստանայում՝ 20.86 տոկոս:Համազգային հանրաքվեին հետևելու և այն լուսաբանելու նպատակով երկրի մայրաքաղաք Աստանա ժամանած արտասահմանյան լրագրողները հնարավորություն են ունեցել այցելել մի քանի ընտրատեղամասեր՝ ծանոթանալու քվեարկության անցկացման կարգին, ստեղծված պայմաններին և հետևելու նաև քաղաքացիների մասնակցությանն ու ակտիվությանը:

Արտասահմանյան լրագրողներին հնարավորություն է ընձեռնվել նաև զրուցել որոշ քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց մոտ առկա տրամադրություններն անցկացվող համազգային հանրաքվեի վերաբերյալ:

‹‹Ես, իհարկե, կարծում եմ, որ այսօր Սահմանադրության այս նոր նախագիծը մեզ անհրաժեշտ է, քանի որ փոխվում են և՛ ժամակները, և՛ մարդիկ: Այնպես որ, դա անհրաժեշտ է, կարծում եմ՝ դա միայն ավելի լավի համար է։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, քիչ-քիչ հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները, որոնք առաջանում են ցանկացած երկրի զարգացման ճանապարհին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի››,-այս մասին ասել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից մեկը՝ Ռոզան։Հարցումների արդյունքում նաև պարզ դարձավ, որ ոչ բոլոր քաղաքացիներն են համաձայն երկրի գլխավոր օրենքների փոփոխությունների հարցում: Այսպես, օրինակ, տիկին Կուլյաշն այդքան էլ համաձայն չէ կատարված փոփոխությունների հետ և դեմ է քվեարկել դրանց: Նա դժգոհել է, մասնավորապես, նոր Սահամանադրության մեջ կատարված այն փոփոխություններից, որոնք վերաբերում են կրթությանը, առողջապահությանն ու թոշակառուների իրավունքներին:Այդուհանդերձ, պետք է նշել, որ հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ է եղել կատարված սահմանադրական փոփոխություններին՝ մատնանշելով, որ դրանք կօգնեն Ղազախստանին ունենալ հստակ և կայուն ապագա:

‹‹Իհարկե, փոփոխություններ են անհրաժեշտ։ Ժամանակները տարբեր են։ Սահմանադրությունը մի փոքր հնացած է։ Կարծում եմ՝ ճիշտ է։ Նախագահի հիմնական ուղերձը խորհրդարանական համակարգը փոխելն էր, հենց դրա համար էլ ես քվեարկեցի։ Ակնկալիքները դրական են››,-նշել է մեկ այլ քաղաքացի Աիդան։

Հանրաքվեում ղազախստանցիներին տրվում է մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը, որի նախագիծը լրատվամիջոցներում հրապարակվել է 2026 թվականի փետրվարի 12-ին»։ Քվեաթերթիկն առաջարկում է պատասխանի երկու տարբերակ՝ «Այո՛, ընդունում եմ» կամ «Ո՛չ, չեմ ընդունում»։ Նոր Սահմանադրության տարբերակի առանձին գլուխների կամ հոդվածների համար առանձին քվեարկություն նախատեսված չէ. Այն, պարզապես, ընդունվում կամ մերժվում է ամբողջությամբ։ Քվեաթերթիկը պետք է լրացվի անձամբ՝ գաղտնի քվեարկության խցիկում։

Սահմանադրության նախագծի տեքստը ղազախերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև աուդիո տարբերակը հասանելի է բոլոր ընտրատեղամասերում։Ղազախստանի կենտրոնական ընտրական տվյալների համաձայն.Ղազախստանում նոր Սահամանադրության վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունի ավելի քան 12 միլիոն ընտրող։Հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար արդեն հավատարմագրվել են 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այս 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել հանրաքվեին և քվեարկել 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում։

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։