Foto

Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ

Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա աս-Սուդանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրաքը չպետք է օգտագործվի որպես տարածաշրջանային պատերազմում հարձակումների հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։

Վարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար Իրաքի օդային, ցամաքային և ջրային տարածքները չօգտագործելու կարևորությունը»։

Նա շեշտել է Իրաքի հանձնառությունը ռազմական գործողություններին չմասնակցելու՝ երկրի իշխանությունների և ժողովրդական, քաղաքական և ազգային ուժերի սկզբունքային դիրքորոշմանը։

Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև դատապարտել «իր օդային տարածքի խախտումները որևէ մեկի կողմից»։

Վարչապետ աս-Սուդանին հաստատել է Իրաքի հանձնառությունն իր տարածքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունները, դեսպանատները և հյուպատոսությունները պաշտպանելու հարցում, ինչն «Իրաքի զինված ուժերի բոլոր կազմավորումների հիմնական պարտականությունն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այնտեղ վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ քննարկումներ են անցկացրել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբիոն խստորեն դատապարտել է ինչպես Իրանի, այնպես էլ Իրանի հետ կապեր ունեցող աշխարհազորային խմբավորումների հարձակումներն Իրաքում, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանում։