Իրանը հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 1230-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամին։
Ավելի վաղ հաղորդվել էր 1045 զոհի մասին։
Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին մեկնարկած գրոհների։
Հակամարտությունն ընդգրկել է 14 երկիր, այդ թվում՝ Լիբանանը, Սիրիան, Կատարը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Կիպրոսը, Շրի Լանկայի ափերը, Օմանը, Թուրքիան և Ադրբեջանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու պաշտպանության նախարարությունը հայտարարություններ են տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանում ԱԹՍ-ների հարվածին։









