Foto

Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ մեկ զոհ կա

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից։

Իրանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և երկու քաղաքացիական անձ վիրավորում է ստացել։ Մենք վճռականորեն դատապարտում ենք անօդաչու թռչող սարքերի միջոցով հասցված այս հարվածները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ կա նաև մեկ զոհ։

Բաքվից Նախիջևան թռչող AZAL ինքնաթիռը հետ է վերադարձել։ Embraer E190LR-ը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաքից, սակայն վերադարձել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով։

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։