Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ամռան ամիսներին գիշերային ջրանջատումներն անհրաժեշտ է համարում ջրավազաններում ջուր ամբարելու և դրանք ցերեկվա ժամերին օգտագործելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղալամքարյանը նշեց Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:
«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4-ժամյա անջատման։ Այսինքն՝ ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա ամիսներին մենք կարիք ունենք ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7-ժամյա անջատման փոխարեն, կունենանք 3-4-ժամյա անջատում»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը:
Արամազդ Ղալամքարյանը հավելեց՝ ջրանջատումներն ավելի քիչ կլինեն՝ պայմանավորված երկու հանգամանքով.
«Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերին, որոնք իրականացնում ենք, նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին: Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան «Վեոլիա ջուր»-ի կողմից ջրանջատումների ժամանակացույցի հրապարակումը: Որոշում է կայացվել լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- նշեց Ղալամքարյանը:









