Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Ժնևում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկում են իրանական պատժամիջոցների վերացման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։«Բանակցությունների թեման, ինչպես մենք բազմիցս նշել ենք, կենտրոնացած է միջուկային հարցի վրա։ Մեր դիրքորոշումը թե՛ պատժամիջոցների վերացման, թե՛ Իրանի կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի վերաբերյալ շատ հստակորեն հայտարարվել է օմանյան կողմին [որը հանդես է գալիս որպես միջնորդ]։
Այս հարցերը մանրամասն կքննարկվեն այսօր կայանալիք բանակցությունների ընթացքում», – ասել է Բաղային Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։
Նա նշել է, որ ամերիկյան կողմից արվող «հակասական հայտարարությունները չեն նպաստում դիվանագիտական գործընթացին»։ Խոսնակը նշել է, որ իրանական կողմը լրջորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցություններին։
Բաղային հայտնել է նաև, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ Ժնևում բանակցություններին կարող է միանալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։









