Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել հերթական նավին, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, Կարիբյան ծովում թմրանյութեր էր տեղափոխում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
«Փետրվարի 23-ին SOUTHCOM-ի հրամանատար գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։ Հետախուզության տվյալների համաձայն` այն շարժվում էր Կարիբյան ծովում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում թմրամաքսանենգության գործողություններով», - ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գործողության ընթացքում սպանվել է երեք տղամարդ թմրաահաբեկիչ։ Ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 40-ից ավելի հարված է հասցրել նավերի, որոնք, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, սպանվել է 140 մարդ։









