Foto

Համայնքային և քրեական ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին վարչություն է ներկայացել 51-ամյա մի տղամարդ: Նա փետրվարի 13-ից հետախուզվում էր ավազակության նախապատրաստության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
***
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նանսենի անվան զբոսայգում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր թմրամիջոց իրացնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ բացակայելու արգելք։
***
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Սիսիան քաղաքի Սյունիքի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նա հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
***
Փետրվարի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա մի տղամարդ: Նա 2025 թ․ հուլիսի 1-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: