Foto

Աստղային աջակցություն մարզադաշտից․ հայտնի ըմբիշները հետևել են Նոայի պատմական հաղթանակին

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլի «Նոա» — «ԱԶ Ալկմար» հանդիպումը մեծ իրարանցում էր առաջացրել ոչ միայն ֆուտբոլասերների, այլև ողջ հայ մարզաշխարհի շրջանում։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած կարևորագույն խաղին տրիբունաներից հետևել և հայկական թիմին աջակցել են աշխարհահռչակ հայ մարզիկները։

Մասնավորապես, եվրագավաթային երեկոյին ներկա են եղել UFC-ի թեթև քաշային կարգի աստղ Արման Ծառուկյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև ըմբշամարտի հայտնի դեմքեր՝ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը։

Այս մասին հայտնի է դարձել Արման Ծառուկյանի տելեգրամյան ալիքից, որտեղ խառը մենամարտերի հայ մարտիկը տեսանյութեր է հրապարակել մարզադաշտից՝ ցուցադրելով տրիբունաներում տիրող ֆանտաստիկ մթնոլորտն ու տղաների անմիջական աջակցությունը երևանյան թիմին։

Հիշեցնենք, որ աստղային աջակցությունը տվեց իր արդյունքը, և «Նոան» կարևոր առավելության հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ՝ հաղթելով 1:0 հաշվով։ Խաղի ճակատագիրը վճռվեց 53-րդ րոպեին, երբ Հովհաննես Համբարձումյանը հեռահար և շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այս գոլն այնքան տպավորիչ էր, որ դրան իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել էր նաև ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը, որտեղ կորոշվի հաջորդ փուլի ուղեգրի ճակատագիրը, կկայանա Նիդերլանդների Ալկմար քաղաքում փետրվարի 26-ին։

Armsport