«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Արփինե Կարապետյան» ԱՁ-ի հետ 1 մլրդ 241 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։
Ըստ պայմանագրի՝ «Արփինե Կարապետյան» ԱՁ-ն պարտավոր է ապահովել ՀՀ ԱՆ քրեակատարողական 9 հիմնարկներում՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Աբովյան», «Գորիս», «Վարդաաշեն», «Երևան-Կենտրոն», «Սևան», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայություններ (ներառյալ հացը), որը իրենից ներկայացնում է սննդամթերքի ձեռքբերման, սննդի պատրաստման և հատկացման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է հետևյալ գործառույթները՝
Կատարողի կողմից անհրաժեշտ քանակի սննդամթերքի պահեստավորում, պահպանում և առկա սննդամթերքով որակյալ սննդի պատրաստում՝ մասնագիտացված խոհարարների կողմից, և առաքում բոլոր քրեակատարողական հիմնարկներ։ ՀՀ ԱՆ թիվ 5 քրեակատարողական հիմնարկի կողմից կարող են անհատույց տրամադրվել տարածքներ, որտեղ կատարող կազմակերպությունը կարող է կազմակերպել սննդի պատրաստման ծառայություններ։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի տրամադրումն իրականացվում է՝ համաձայն նախօրոք երկկողմանի հաստատված ճաշացանկի և այլն։
Հարկ է նշել, որ ըստ պայմանագրի՝ քրեակատարողական հիմնարկներում նախաճաշի հանձնման ժամը 07:30-ն է, ճաշինը՝ 12:30-ը, ընթրիքինը՝ 17:30-ը։
Պայմանագրով սահմանվում է, որ կատարողը պարտավոր է սպասարկել 3000 մարդու, որոնց մեկ օրվա ուտելիքի արժեքը, ըստ պայմանագրում արված հաշվարկի, 1113 դրամ է։
Այսինքն՝ 1 դատապարտյալի 1 օրվա սնունդը 1113 դրամ է կազմում, որի որակից դատապարտյալների և կալանավորների հարազատների մեծ մասը խիստ դժգոհ է։
Իսկ «Ժողովուրդ»-ի լրագրողները տարբեր ՔԿՀ-ների մուտքերի մոտ սննդամթերքի հանձնման մեծ հերթեր են արձանագրել։ Սա ենթադրել է տալիս, որ պետության միջոցներով ֆինանսավորվող սննդամթերքը, մեծ հաշվով, «ուտելու բան չի»»։









