Foto

Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1377 որոշման մեջ։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են շտապ բժշկական օգնության ընդհանուր գծային, մանկաբուժական, վերակենդանացման, մանկաբարձական, հոգեբուժական, դիատար և այլ մասնագիտացված բրիգադներ, որոնք ենթադրում են հագեցված շտապ օգնության մեքենաների պարտադիր առկայություն, սակայն միջազգային պրակտիկայում օգտագործվում են նաև շտապ օգնության մեկ այլ՝ մեքենա չենթադրող՝ շտապ օգնության մոտոմիավորներ: Մոտոմիավորի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի կենսական նշանակությամբ։ Շտապ օգնության համակարգում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցները և դժվարանցանելի բակային տարածքները հաճախ խոչընդոտում են շտապօգնության մեքենաների արագ հասնելուն։ Մոտոցիկլով աշխատող բժիշկը կարող է շրջանցել խցանումները, ճկուն անցնել ամենադժվար հատվածներով և հիվանդին հասնել զգալիորեն արագ։ Այդ արագ արձագանքումը որոշ դեպքերում բառացիորեն կյանքի արժեք ունի, հատկապես սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության ժամանակ, երբ ամեն ուշացում նվազեցնում է հաջող միջամտության հնարավորությունը։

Մոտոմիավորը ոչ միայն արագաշարժ է, այլև լիարժեք մասնագիտական ստորաբաժանում՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս անմիջապես սկսել հիվանդի վիճակի կայունացումը։ Բժիշկը տեղում կարող է վերահսկել կենսական ցուցանիշները, ապահովել շնչուղիների անցանելիությունը, նվազեցնել վտանգավոր արյունահոսությունը և իրականացնել առաջնային բժշկական օգնության կարևոր քայլերը։ Սա ապահովում է, որ օգնությունն սկսվի այն պահին, երբ ամենաշատն է պետք, մինչ հիմնական շտապօգնության մեքենան դեռ ճանապարհին է։

Մոտոմիավորները նպաստում են նաև ողջ համակարգի օպտիմալացմանը։ Ավելի թեթև և շարժուն այս ստորաբաժանումները նվազեցնում են հիմնական մեքենաների ծանրաբեռնվածությունը, հնարավորություն տալիս, որ դրանք կենտրոնանան առավել լուրջ և տեղափոխում պահանջող դեպքերի վրա։ Այս մոտեցումը բարձրացնում է ծառայության ընդհանուր արդյունավետությունն ու օպերատիվությունը՝ առանց մեծածավալ լրացուցիչ ներդրումների։

Աշխարհի բազմաթիվ երկրներում մոտոմիավորները ապահովում են արձագանքման ժամանակի էական կրճատում, բարձրացնում են առաջին օգնության որակը և հանդիսանում են արագ, վստահելի ու պրոֆեսիոնալ բժշկական ծառայություն ապահովելու լավագույն գործիքներից մեկը։

Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայմանում գործունեության իրականացման համար նոր՝ մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները: