«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալյանն էր։
Այժմ էլ, ըստ տեղեկությունների, բավականին լուրջ տարաձայնություններ են առաջացել «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների միջև։ Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն Արամ Զ. Սարգսյանն է։ Նախօրեին էլ կուսակցությունը կրկին վարչության նիստ է գումարել, որոշել կուսակցության կարգախոսը՝ «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»։
Փաստացի, հաստատվեցին տեղեկությունները, որ «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին։ Օրեր առաջ էլ «Հանուն հանրապետության» կուսակցությունից հայտնել են, որ ընտրություններին մասնակցելու են ընդլայնված ցուցակով, ներառելու են նաև հանրությանը հայտնի անկուսակցական գործիչների։ Փաստացի, այս կուսակցությունը ցանկանում է ներգրավել քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների՝ այդ կերպ փորձելով իր կողմը քաշել արևմտամետ զանգվածներին, օգտագործելով քաղհասարակության ներուժը, նաև աջակցություն ստանալ եվրոպական կառույցներից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ իբր, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու համար», և արևմտամետների պառակտման հիմնական ու գլխավոր պատճառը, տարածվող տեղեկությունների համաձայն, հենց հատկացվելիք գումարների գոնե մի մասի նկատմամբ վերահսկողությունն է։ Նման պառակտումն, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված կարող է լինել արևմտամետներին, քանի որ այդպես որևէ «արևմտամետ կուսակցության», ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը:









