Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր գյուղի 44-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հասցեներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի նշված հասցեում գտնվող ավտոտնակի տարածքում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, իսկ ապամոնտաժված ավտոմեքենայի սրահում՝ ինքնաձիգի 94 փամփուշտ և ընդհանուր 90 փամփուշտով լիցքավորված երեք փամփշտատուփ:
44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









