Պետական մարմինները չգիտեն, թե ով պետք է վերահսկի կեղծ ախտահանիչ միջոցի վաճառքը։ Մեր գրությունները գերատեսչությունները վերահասցեավորում են միմյանց և այդպես էլ չեն պատասխանում, թե ով պետք է զբաղվեր վաճառքի վերահսկմամբ։
Հունվարի 16-ին «Հետքը» գրել էր, որ Հայաստանի շուկայում «Օպտիմաքս» ապրանքանիշի կեղծ ախտահանիչ նյութեր են վաճառվում։ Optimax-ը խտանյութ է, որը նոսրացվում է ջրով եւ օգտագործվում բուժհաստատություններում, գեղեցկության սրահներում՝ մակերեսների, գործիքների ախտահանման համար։
Հոդվածի հրապարակումից առաջ՝ հունվարի 8-ին, պարզաբանման խնդրանքով հարցումներ էինք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Պետական եկամուտների կոմիտեն հունվարի 14-ին պատասխանել էր, թե ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի։
ՊԵԿ աշխատակիցները հունվարի 20-ին կեղծ ախտահանիչների վաճառքի մասին ահազանգած «Խաչպար» ՍՊԸ-ի ղեկավար, «Օպտիմաքս»-ի պաշտոնական ներմուծող Սմբատ Բալասանյանին հրավիրել էին հանդիպման և բանավոր ասել, թե, չնայած ապրանքի առգրավումն իրենց լիազորություններից դուրս է, բայց այցելել են վաճառքի կետեր, առգրավել որոշ քանակի ապրանք և դադարեցրել դրա վաճառքը։ Սմբատ Բալասանյանը ՊԵԿ աշխատակիցներին խնդրել էր իրականացրած վարչարարության վերաբերյալ պաշտոնական գրություն ուղարկել։
Սակայն, մինչ օրս ոչ Սմբատ Բալասանյանը, ոչ էլ «Հետքը» ՊԵԿ-ի գործողությունների մասին պաշտոնական գրություն չեն ստացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









