Foto

Ուր որ գնա` հետը կգնամ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հովանավորյալ Անդրանիկ Հարությունյանը` Մարտունու ԲԿ-ի տնօրենը, Փաշինյանի շրջիկ հավատացյալների թափառախմբի անբաժան մասն է կազմում: Հավանաբար, այս ձեւով նա իր երախտագիտությունն է հայտնում մարզպետին՝ իրեն տնօրեն նշանակելու համար: Ա. Հարությունյանը նաեւ Մարտունի համայնքի ավագանու անդամ է, որ միայն ձեռք բարձրացնելու համար է ավագանու նիստերին մասնակցում: Իր մարզում պատարագների չմասնակցող Անդրանիկ Հարությունյանը երեկ Գեղարքունիքի մարզից հասել էր Արագածոտնի մարզ, որ պատարագի մասնակցի. «Ես էսօր էլ եմ գնացել, երեկ էլ եմ գնացել, բոլոր կիրակի օրերը գնացել եմ պատարագի:

Փաշինյանի հետ եմ գնացել, որտեղ որ կարիքը զգում եմ, գնում եմ, իմ իրավունքը չի՞, որտեղ ուզենամ, էնտեղ գնում եմ: Բոլոր տեղերը, որտեղ Փաշինյանը գնալու է, ես կգնամ, երեկ էլ Թալին եմ գնացել, ի՞նչ խնդիր կա` ամո՞թ է գնալ եկեղեցի»: Իհարկե՝ ամոթ չէ, իսկ առանց Փաշինյանի` Ձեր տարածաշրջանի ո՞ր եկեղեցում եք պատարագի մասնակցել։ «Տաթեւ եմ գնացել, Հաղարծինում էլ եմ եղել»: Դուք Գեղարքունիքի մարզից եք` ձեր մարզի ո՞ր եկեղեցում եք կիրակի օրերը պատարագի մասնակցել, ասենք` Մարտունի համայնքի եկեղեցում երբեւէ մասնակցե՞լ եք պատարագի։ «Ես չեմ հիշում, որ կոնկրետ ասեմ` որ օրը որտեղ եմ մասնակցել, բայց ինձ որտեղ պետք եղավ, այնտեղ էլ կգնամ»:

Դուք նաեւ ավագանու անդամ եք, անձամբ համայնքին վերաբերող գեթ 1 հարց բարձրացրած կա՞ք՝ հօգուտ ձեր համաքաղաքացիների։ «Ոչ, ընդամենը կաբինետային քննարկումների կամ մեր խմբակցության քննարկումների ժամանակ ներկայացնում ենք հարցեր եւ լուծումները գտնում ենք հօգուտ տարածաշրջանի ժողովրդի»: