Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հունվարի 23-ին արձակել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը (Ներկայացուցիչների պալատը). փետրվարի 8-ին կկայանան վաղաժամկետ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo-ն։
Ըստ հրապարակման՝ ուրբաթ օրը Տակաիչիի կաբինետը հավանություն տվեց 465-տեղանոց պալատն արձակելու ծրագրին։ Վարչապետն իրավունք ունի արձակել խորհրդարանի ստորին պալատը. սա 60 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ արձակումը տեղի ունեցավ խորհրդարանական հերթական նստաշրջանի առաջին օրը։
Պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է լրանար 2028 թվականին, սակայն Տակաիչին որպես ընտրություններ հայտարարելու պատճառ է նշել իր վարչապետության համար հանրային աջակցություն ստանալու անհրաժեշտությունը։ Նա վարչապետի պաշտոնը ստանձնել է 2025 թ. հոկտեմբերին. հենց այդ ժամանակ ձևավորվեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿ) և Ճապոնիայի նորարարական կուսակցությունից բաղկացած նոր իշխող կոալիցիա։
Դրա հետ մեկտեղ Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը, ԼԴԿ-ի նախկին դաշնակից «Կոմեյտո» կուսակցության հետ միասին, խոշորագույն ընդդիմադիր դաշինք է ձևավորել խորհրդարանում։
Ներկայացուցիչների պալատի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հոկտեմբերին։
Վարչապետի որոշումն արդեն քննադատության է արժանացել, քանի որ ընտրություններին մնացել է 16 օր, ինչն ընտրողներին քիչ ժամանակ է տալիս գնահատելու թեկնածու կուսակցությունների նախընտրական ծրագրերը։









