Foto

Ադրբեջանը ակտիվացնում է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը. Արտաքին հետախուզությունը զգուշացնում է

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ներկայացված են տարածաշրջանային զարգացումների և երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերները։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության արդյունքում 2026 թվականին ռազմական էսկալացիայի հավանականությունը դարձել է գրեթե անհավանական, իսկ խաղաղության ինստիտուցիոնալացման հնարավորությունը՝ բարձր։ Նշվում է, որ երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական բախման ռիսկը։

Արտաքին հետախուզության գնահատմամբ՝ 2026 թվականին քիչ հավանական են ոչ միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այլև նույնիսկ տեղային միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։

Զեկույցում կանխատեսվում է, որ 2026 թվականին հնարավոր է առաջընթաց սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության և հումանիտար հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում նույնպես ակնկալվում է առաջընթաց, ինչը կարող է խթանել տարածաշրջանային լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացումը։

Միևնույն ժամանակ, ծառայությունը զգուշացնում է, որ կապակցվածության ապահովման գործընթացների դեմ կարող են ակտիվանալ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ընդլայնելու շահեր հետապնդող պետությունների վնասակար գործողությունները։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող խոսույթը կարող է նպաստել այդ ռիսկերի նյութականացմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթին։ Ծառայության գնահատմամբ՝ այս քարոզչությունը երկարաժամկետ հեռանկարում էականորեն բացասաբար է ազդում խաղաղության կառուցման վրա և լուրջ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության համար։

Զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը։ Վերլուծության համաձայն՝ ադրբեջանական իշխանամետ և պետական լրատվամիջոցներում «արևմտյան Ադրբեջանի» թեմայով հրապարակումները օգոստոսի 8-ից հետո աճել են շուրջ 36 տոկոսով։

Արտաքին հետախուզության ծառայությունը որպես առաջնահերթ խնդիր է սահմանում գնահատել, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» քաղաքականության իրական նպատակը։ Մասնավորապես ուսումնասիրվում է՝ արդյո՞ք այդ խոսույթը նպատակ ունի հակամարտությունը նոր ձևաչափով տեղափոխել Հայաստանի տարածք, թե այն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման գործիք է, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու համար։

Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի շարունակական աճը։ Ծառայության գնահատմամբ՝ ռիսկային է ոչ միայն ռազմական բյուջեի ավելացումը, այլ նաև այն փաստը, որ դրա աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտների ֆինանսավորումը և հաճախ իրականացվում են հենց այդ ոլորտների հաշվին։