Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասել են, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։
Վթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել՝ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։ Իսկ բախման հետևանքով մի քանի ավտոմեքենա դուրս է եկել երթևեկելի գոտուց։









