Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծին՝ առանձնացնելով մի քանի հատվածներ։
Նա, մասնավորապես, գրել է. «ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.
օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն,
տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում,
ընդլայնել շուկայի հասանելիությունը և մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում,
աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է.
ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։
ԹՐԻՓՓԻ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են.
նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար,
տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ,
ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են.
զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար,
համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև,
տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար,
վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար,
ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝
հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում,
գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ (ենթակա է հետագա քննարկման),
կարգավորիչ աջակցություն և թույլտվությունների արագ ընթացակարգեր,
սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ,
կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։
Հայաստանը հստակորեն պահպանում է.
օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։
«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմի օպերատորներ)
Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.
փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,
տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար,
առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի,
դյուրացում և համակարգում,
վարչական աջակցություն։
«Բեք օֆիս» (ՀՀ պետական մարմիններ)
ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.
մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ,
անվտանգության ստուգում և իրականացում,
միգրացիոն վերահսկողություն,
իրավապահ գործողություններ,
թույլտվություններ և հաստատումներ,
զննում և ստուգում։
Հստակ իրավազորություն
«Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում,
Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,
ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։
Մաքսային ընթացակարգեր
Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։
Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։
Մասնավոր, գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում»։









