Foto

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Մասնավորապես, 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է մոտ 7,8 մլն դրամ տուգանք, իսկ 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է մոտ 60,8 մլն դրամ տուգանք։



Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտված մյուս խախտումները վերաբերում են կահույքի արտադրության ոլորտին։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, «C31 Կահույքի արտադրություն» ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 6 հարկ վճարողների մոտ արձանագրվել են 16 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք։


ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել 9 հարկ վճարողների մոտ և առաջադրվել է մոտ 2 մլն դրամ տուգանք։ Եվս 3 հարկ վճարողների մոտ արձանագրվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու դեպքեր և առաջադրվել է 1,3 մլն դրամ տուգանք։ Իսկ 2 հարկ վճարողների մոտ արձանագրվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր և առաջադրվել է 2,3 մլն դրամ տուգանք: