Foto

Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գրել է.

«Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները: Ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ միասին կարողացանք պահպանել հարկային եկամուտների կայուն երկնիշ աճը՝ տարին ավարտելով բարձր արդյունքներով:

Այսպես, 2025թ. ընթացքում հարկ վճարողների հետ ապահովել ենք 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024թ. ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14.5%-ով:

2025թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված` 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ` 99.8%:

Հարկերի և տուրքերի փաստացի մուտքը գերազանցել է նաև 2026-2028թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) և 2026թ. բյուջետային ուղերձ-բացատրագրում արտացոլված 2025թ. համար կանխատեսվող ցուցանիշները:

Գրանցված ցուցանիշները կրկին հաստատում են, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը և ձևավորված մարդակենտրոն միջավայրը՝ հիմնված երկխոսության և գործընկերության վրա, արդյունավետորեն նպաստում են հարկ վճարելու բարեխիղճ և հոգատար մշակույթի կայացմանը։

Երախտագիտությունս եմ հայտնում մեր հարկ վճարողներին՝ ցուցաբերած կարգապահության, պատասխանատվության և մեր հանդեպ ունեցած վստահության համար»։