Իրանում վերջին 10 օրերի բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության խումբը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից։
Նշվում է, որ արտասահմանում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը (HRANA) հայտնել է, որ հաստատված զոհերից 34-ը ցուցարարներ են, իսկ երկուսը կապ ունեն անվտանգության ուժերի հետ։
Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական թիվը չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել է անվտանգության երեք աշխատակից։ BBC Persian-ը մինչ այժմ հաստատել է 20 զոհի մասին տվյալներ և նրանց ինքնությունը։
HRANA-ն նաև հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված և 31 նահանգներից 27-ում տարածված անկարգությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 60 ցուցարար, 2076-ը՝ ձերբակալվել։
Հունվարի 6-ի երեկոյան իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ արևմտյան Իլամի նահանգի Մալեքշահիի շրջանում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր և բախումներ, ոստիկան է սպանվել։
BBC-ն նշում է, որ ավելի վաղ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել Թեհրանի Մեծ շուկայում հավաքված ցուցարարների դեմ։
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, երբ խանութպանները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման դեմ։ Շուտով ցուցարարներին են միացել նաև ուսանողները, և բողոքի ակցիաները տարածվել են տարբեր քաղաքներում։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են. նրանք հայտնել են տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Իրանում զարգացումներին և խստորեն կարձագանքի, եթե իրանցի ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի: Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն կգնա իրանցիներին օգնության, եթե խաղաղ ցուցարարներ սպանվեն:
Իրանում խոստացել են կոշտ արձագանքել երկրի ներքին գործերին միջամտությանը









