ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարին է ներկայացվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Նազիկ Ավդալյանը նշել է, որ իրենց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
Նախատեսվող ծրագրով կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն, որը ներառելու է մարզական մասնաշենքեր, ֆուտբոլի դաշտ, լողավազան, կրթական և սոցիալական նշանակության տարածքներ, վերականգնողական և առողջապահական ենթակառուցվածքներ, միջոցառումների համար նախատեսված տարածքներ։
Ընդգծելով ծրագրի իրականացման կարևորությունը՝ նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մարզերի համաչափ տնտեսական զարգացմանը, համայնքների ներդրումային գրավչության բարձրացմանն ու երկարաժամկետ տնտեսական կայունության ապահովմանը։









