Foto

Համբերությամբ հաղթահարել մարտահրավերները. Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում:

Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքն է ներկաներին ուղղել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Տեր Հայրը պատգամել է ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը աղոթքով և համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և հիշեն Տիրոջ խոսքերը, երբ նախ Ինքը՝ Քրիստոս հալածվեց և զգուշացրեց Իր հետևորդներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20):

Միասնական հաջորդ ժամերգության մասին կտեղեկացվի հավելյալ: