Foto

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցից

Ապօրինի կալանավորված, ներկայումս հոսպիտալացված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակից։ Նա նամակ է հղել հիվանդանոցից․

«Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են` տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:

Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:

Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա` կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»:

Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը` եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին:

Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին:

Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի:

Ես «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ. հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ: Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար»,- գրել է նա: