Foto

Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. ջրօգտագործումները կասեցվել են

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Լոռու մ. Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մ. Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000դր.

«ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 2.000.000դր. չափով տուգանք։

Արմավիրի մ. Վաղարշապատ համայնքում գործող «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԲԸ-ն գազալցակայանի հովացման նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափը կազմել է 626.994դր., դեպքի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Արմավիր, Ջրառատ, Հացիկ, Լուկաշին, Հայկավան բնակավայրերում 13 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի շահագործել է ընդհանուր 13 խորքային հոր՝ ոռոգման, խմելու-կենցաղային նպատակներով։

Տեսչական մարմնի Լոռու, Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։