Foto

Փորձում էին արցախցիների վախը բռնել, որ չխոսեն Արցախի և տունդարձի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիրված լսումների ժամանակ  ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, և կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման և արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ղարաբաղյան հարցը փակված է», վերադարձի թեման՝ «խիստ վտանգավոր», և առաջարկեց Ադրբեջանին՝ փակել իրար հետ կապ չունեցող 2 հարց՝ Արցախ վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեմաները։ 

Սա թերևս նրան քիչ թվաց և երեկ, դեռ Հայաստան չվերադարձած, հրահանգեց ուժայիններին` մտնել Արցախի ներկայացուցչություն՝ խուզարկել։ Մի քանի ժամ տևած քննչական գործողությունների ընթացքում ՔԿ-ն հրաժարվում էր ասել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկում: Թեև ակնհայտ է, որ փորձում էին բռնել արցախցիների վախը, որ չխոսեն Արցախի և տունդարձի մասին։ 

Մենք տեղեկացանք, որ քննիչները ձեռնունայն են դուրս եկել ներկայացուցչությունից, փնտրել են ԱՀ Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր, այն դեպքում, որ ԱՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը նախորդ տարի ինքնակամ դիմել էր իրավապահներին, թե` ուսումնասիրեք հիմնադրամի գործունեության հետ կապված կասկածները»։