Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարուշ Գևորգյանի և Կարապետ Չոբանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:









