Թուրքական պաշտպանական ընկերությունները 6,5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել Թուրքիայի «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգը հզորացնելու և զարգացնելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահությունը (SSB):
Նախագիծը բաղկացած է 47 բաղադրիչներից՝ ներառելով ռադարներ, հրթիռներ, էլեկտրաօպտիկական սենսորներ, հրամանատարական և կառավարման կենտրոններ, ինչպես նաև տարբեր հեռահարության օդային պաշտպանության տարրեր։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Հալուկ Գորգյունը նշել է, որ պայմանագրերը ներառում են մարտական համակարգեր և դրանց առաջադեմ տարբերակները, որոնք կմշակվեն «Ռոքեթսան» ընկերության կողմից։
Պաշտոնյան հավելել է, որ «Պողպատե գմբեթը» կկազմվի ամբողջությամբ տեղական համակարգերից։Նրա խոսքով՝ պայմանագրերը կօգնեն բարձրացնել Թուրքիայի զսպման կարողությունները՝ միաժամանակ նպաստելով նրա մարտական համակարգերի հեռահարության և ծավալի մեծացման ջանքերին։
Գորգյունը նաև ասել է, որ Թուրքիան այժմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում աշխարհի առաջատար արտահանող երկրների շարքում է։«Ասելսան» և «Ռոքեթսան» պաշտպանական ընկերությունների նախագահները նշել են, որ պայմանագրերը «ռազմավարական նշանակություն ունեն»՝ հավելելով, որ դրանք ներառում են տիեզերական և օդային պաշտպանության համակարգեր, հակատանկային համակարգեր և այլ ռազմավարական համակարգեր։
Իսրայելի կողմից Թուրքիայի հարևանների՝ Իրանի և Սիրիայի, ինչպես նաև Լիբանանի և Կատարի վրա հարվածները վերջին մեկ տարվա ընթացքում անհանգստացրել են Անկարային և ստիպել նրան ավելացնել օդային ուժերը և օդային պաշտպանությունը՝ ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ պայքարելու համար։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր պաշտպանական արդյունաբերության արտադրությունը և նվազեցրել է կախվածությունը արտաքին մատակարարներից, առաջին անգամ 2024 թվականի հուլիսին էր հայտարարել, որ ծրագրում է կառուցել «Պողպատե գմբեթ», որը նման է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգին:









