Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են. կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Երբ կալանքներից մարդկանց են ազատում, ես էլ բոլոր նորմալ մարդկանց պես ուրախանում եմ, բայց օրվա տրամաբանությունը մեջս կասկած է մտցնում. դա անում են տեղեր ազատելու, նոր խմբաքանակ կեղծ գործերով նորերին կալանավորելու համար։
Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցներին ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում։
Չի կարող իշխանությունն ընտրազանգված հավաքել՝ մարդ բռնելու խոստումով։ Չի կարող իշխանությունը երկրի զարգացման ծրագիրը կառուցել կոտրելու, բռնելու, պատժելու, քանդելու, դեստրուկցիայի խոստումներով։ Սա հակասում է առողջ տրամաբանությանը, սա հակասում է կյանքի օրենքներին։
2026-ի ընտրությունները սրա մասին են. փոխել երկրի բովանդակությունը։ Պետությունները զարգանում են մտքով, գաղափարներով, ներքին համերաշխությամբ, արդար դատարաններով։ Եթե մենք ունենանք ճիշտ մտածող լիդերություն, որոնք մարդկանց հետ կխոսեն մարդկային լեզվով, այս պարզ բաները կկարողանան ձևակերպել և տեղ հասցնեն, մենք կունենանք արդյունք»,-գրել է նա:









