Foto

ԿՀՎ-ն ու Mi 6-ը «ռոմանոսի» մակարդակի են

Արման Բաբաջանյան անունով անձը մի վիճահարույց հայտարարություն է արել, թե ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը՝ ԿՀՎ-ն (ЦРУ), և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայությունը՝ Mi 6-ը, աջակցել են Հայաստանին՝ ՆՈՐ հակահետախուզական ծառայություն ստեղծելու գործում:

Ուշադրություն, խոսքը ոչ թե նոր որակի կամ նոր տեխնիկական հագեցվածությամբ ծառայության մասին է, այլ հենց ՆՈՐ ծառայության: Նորը ենթադրում է եղածից (եղածներից) առանձին, այլ գործառույթներով, այլ անձնակազմով և նույնիսկ այլ գործիքակազմով:

Ի գիտություն. Հայաստանի Հանրապետության ԱԱԾ համակարգում 1992 թվականից գործում է հակահետախուզության լխավոր վարչությունը, որն իր գործառույթները կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառմամբ՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներով ու գերատեսչական նորմատիվ ակտերով: Ավելին, այդ ծառայությունն ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող  գործառույթների համակարգ է, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հիմա մեզ հարց տանք. ի՞նչ գործառույթ է իրականացնում երկու օտարերկրյա գաղտնի ծառայությունների աջակցությամբ ստեղծված ՆՈՐ հակահետախուզական ծառայությունը, եթե նրա գործառույթների շրջանակներում չեն ներառվելու առնվազն ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների հետախուզական գործողությունների բացահայտումը, կանխումը և խափանումը: Իսկ հետաքրքիր չէ՞, թե ո՞ւմ դեմ է աշխատելու ամերիկաբրիտանական «շարժիչով» հայկական ՆՈՐ հակահետախուզությունը: Մեր տարածաշրջանում երկու պետություն կա, որոնք գտնվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունների ուշադրության կենտրոնում՝ Ռուսաստանը և Իրանը: Չի բացառվում, որ վերջին քաղաքական իրադարձություններից հետո այդ հետաքրքրությունների շրջանակը տարածվի նաև Վրաստանի վրա: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները մեր երկիրը վերածում են ամերիկաբրիտանական հետախուզությունների պլացդարմի՝ մեր բոլոր բարեկամ հարևանների դեմ աշխատելու համար:

Մյուս, ոչ պակաս կարևոր, հարցն այն է, թե որտեղի՞ց Արման Բաբաջանյանին այդ տեղեկությունը: Բայց այստեղ մի սփսփիչ հանգամանք կա. եթե այդ ՆՈՐ հակահետախուզական ծառայության մասին տեղեկությունը հասել է Արման Բաբաջանյանին, ապա ԿՀՎ-ն ու Mi 6-ը «ռոմանոսի» մակարդակի են:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան