Foto

Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներն ավելացնելու պայմանավորվածություն կա. Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն ունեն ավելացնել երկու երկրների միջև թռիչքները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում: 

Արարատ Միրզոյանը, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, նշեց, որ, եթե Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները հաստատել են խաղաղություն, նախաստորագրել են համաձայնագիր և հռչակագիր, և խնդիրը հասարակությունների հաշտեցումն է, ապա Թուրքիայի հետ իրավիճակը հայելային հակապատկերն է: 

«Տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են, այցելել են միմյանց, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները՝ դեպի Երևան, դեպի Գյումրի և Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա և այլն: Թուրքիայի հետ խնդիրը այն է, որ սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չկան»,- ասաց Միրզոյանը: 

Արտաքին գործերի նախարարն արձանագրեց՝ Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը շատ ինտենսիվ և բովանդակային է, քննարկվում են նաև փոխվստահության այլ միջոցներ՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փակ սահմանների բացը լրացնելու համար:  

Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներն ավելացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա սեպտեմբերի 12-ին Երևանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման ժամանակ։