Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ուսանողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր ուսանողական խորհուրդը, նրանց հետ համալսարանի որևէ աշխատակից չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՊՀ հանրային կապերի բաժնի պետ Աննա Այվազյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս էր կողաշրջվել, որտեղ եղել էին ԲՊՀ ուսանողները։
«Այցի ժամանակ 5 ավտոբուս է եղել, ընդհանուր՝ 250 ուսանող։ Գիտաճանաչողական այց էր կազմակերպել համալսարանի ուսխորհուրդը, նրանց հետ համալսարանի աշխատակիցներից որևէ մեկը չի եղել։ Ուսանողները սկզբում գնացել էին Հաղարծին, հետո պետք է Պարզ լիճ գնային, բայց չեն հասցրել»,- նշեց Այվազյանը։
Նա ընդգծեց, որ բարեբախտաբար ուսանողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում ու շատերն այսօր նույնիսկ դասի էին գնացել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղ էր ունեցել նոյեմբերի 2-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Կողաշրջված ավտոբուսում մոտ 50 անձ է եղել, նրանցից 30-ը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ, մեկի առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Նույն օրը 20 անձ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս էին գրվել հիվանդանոցներից։ Նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն 3 անձ է գտնվում հիվանդանոցում,
նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։









