Foto

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհը մտել է նոր միջուկային դարաշրջան

Աշխարհը մտել է նոր միջուկային դարաշրջան, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանությանը նվիրված ազգային դասընթացների բացման արարողության ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեքստը տարածել է Ֆինլանդիայի նախագահական գրասենյակը։

«Նոր իրողությունը փոխել է զսպման տրամաբանությունը։ Նույն կերպ փոփոխությունների է ենթարկվում խոշոր տերությունների միջև ռազմավարական կայունությունը։ Մենք մտել ենք նոր միջուկային դարաշրջան, որտեղ, ցավոք, միջուկային զենքի դերը մեծանում է», – ասել է Ստուբը:

Նա հավելել է, որ Ֆինլանդիայի համար այս իրադրությունը ներառում է մեծ քանակությամբ նոր տարրեր, մասնավորապես՝ ինչպես միասին իրականացնել զսպումը, ինչպես կառավարել էսկալացումը։ «Սրանք այն հարցերն են, որոնց մասին մենք առաջ մտածում էինք ինքնուրույն, որպես փոքր Ֆինլանդիա։ Իհարկե, գլոբալ իրավիճակն այլ էր։ Ներկայում մենք ներգրավված ենք համագործակցության բոլոր հիմնական կառույցներում, և մեր անվտանգության այս հենասյուները շարունակում են ամրապնդվել», – ասել է նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում վերահաստատել է միջուկային փորձարկումներ սկսելու մտադրությունը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է՝ ստուգելու, թե ինչպես են այդ զենքերն աշխատում։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը նման փորձարկումներ իրականացնում են, և ինքը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն լինի միակ երկիրը, որը միջուկային զենքի փորձարկումներ չի անցկացնում։