Foto

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Իրանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«(ԱՄՆ-ի) համագործակցությունն Իրանի հետ անհնար է՝ հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական ​վարչակարգին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը), ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը և միջամտությունը տարածաշրջանային գործերին», - նշել է նա ուսանողների հետ հանդիպմանը՝ նվիրված 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին։

Խամենեիի խոսքով՝ միամտություն է կարծել, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բոլոր տարաձայնությունների պատճառը «մահ Ամերիկային» կարգախոսն է։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հակասությունները խոր հակասություններ են և երկու հոսանքների շահերի բախում», - հավելել է նա: