Իսրայելն անում է հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներին և վերակառուցման գործընթացին անցմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Իսրայելում մենք գործ ունենք մի վարչակազմի հետ, որը հրադադարի համաձայնագրից ի վեր սպանել է ավելի քան 200 անմեղ մարդու՝ թաքնվելով տարբեր արդարացումների հետևում և շարունակելով իր օկուպացիան: Այս հարձակումներն ուղղված են խաղաղության դեմ: Սակայն Իսրայելի նման գործողությունները երբեք չեն խանգարի պաղեստինյան հարցի արդար և երկարատև լուծման մեր որոնմանը: Այս փուլում մենք պետք է ավելացնենք Գազայի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ապա սկսենք վերակառուցման աշխատանքները: Իսրայելի կառավարությունն անում է ամեն ինչ՝ դա կանխելու համար», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեի նիստում:
Նա նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրադադարի հաստատման հարցում նրա նախաձեռնողական դիրքորոշման համար:
Էրդողանը նաև նշել է, որ արաբական և մուսուլմանական երկրները թույլ չեն տա ո՛չ Արևմտյան ափի անեքսիան, ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը։









