Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հատուկ շեշտել եմ, որ այդ միջոցառումն անցկացվում է ընտրությունների նախաշեմին, որովհետև ոչ մի խելամիտ բացատրություն չկա, թե ինչո՞ւ այն պետք է Երևանում լինի: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստի ժամանակ եվրապատգամավորներից շատերը նշեցին, որ Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից, որ երկրում անհարկի ու անհամաչափ ոստիկանական ու դատական ճնշումներ կան ընդդիմադիրների նկատմամբ, չկա խոսքի, հանրահավաքների իրական ազատություն և այլն: Հայաստանի կառավարության էլ ո՞ր արարքի կամ ծառայության դիմաց են այդ գագաթնաժողովը բերում Երևան, եթե ոչ Փաշինյանի թիմի հակառուսական վեկտորը սատարելու, Եվրոպայի «մեծ բարեկամ ու գործընկեր» Ալիևի հետ տարածաշրջանում հավաքական Արևմուտքի շահերը սպասարկող գործողություններին հագուրդ տալու նպատակով:
Բայց այ քեզ «անակնկալ». Ալիևը չի գալու Նիկոլ
Փաշինյանի նախընտրական «բենեֆիսին»: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը
հակասություններ ունեն: Բնավ ոչ, սակայն Ալիևը, բացի անձնական անվտանգային նկատառումներից,
նաև Փաշինյանի հետ հարաբերությունների հստակ ձեռագիր և ստրատեգիա ունի: Նա լավ գիտի,
որ Փաշինյանը հլու հնազանդ կատարել և կատարելու է Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները,
բայց, դրանով հանդերձ, նաև այնքան է խորացել իր դավաճանական ոճրագործություններում,
որ թույլատրելի «դոզայից» ավելին չի ստանա ընտրություններից առաջ: Փաշինյանը Ալիևի բոլոր
հիմնական պահանջների կատարումը հետաձգում է 26 թվականի ընտրություններից հետո, բայց
եթե ստանա ավելին, քան սահմանում հրադադարի ձևական պահպանումը,
ինչ-որ տրանսպորտային սահմանափակումների դեկլարատիվ չեղարկումը կամ Թրամփի հետ ձեռքսեղմումները,
կարող է հետագայում էլ փորձել երկարաձգել խոստումների կատարումը: Ալիևը հստակ գիտակցում է, որ ընտրություններում հաղթելը Փաշինյանի համար շատ դժվար խնդիր է, և որ դրա համար առավել կոշտ ռեպրեսիաների կարիք է լինելու:
Իսկ դա առավել դժվարացնելու է Ալիևին տրված խոստումները կատարելը: Դրա համար Ալիևը
Փաշինյանին խուսանավելու շանս չի թողնում՝ է՛լ ավելի խստացնելով ճնշումը, և Հայաստանի նկատմամբ
նոր սադրանքների լուսամուտը բաց է պահում: Հիմա Փաշինյանը ստիպված է լինելու ժողովրդին Ադրբեջանի հետ «հաստատված խաղաղությունը» ապացուցել նոր ստերով, ռեպրեսիաներով ու զիջումներով:
Կարճ ասած՝ Ալիևը հստակ հասկացնում
է, որ տերը ծառայի դուռը չի գնում: Իսկ եթե դա ծառային շատ է պետք, ապա թող նոր զիջումների
գնա:
 
                 
                                








