Կուբային մոտեցող «Մելիսա» փոթորիկը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տարհանման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։
«Մենք նահանգների հետ քննարկել ենք «Մելիսա»-ի մոտենալուն ընդառաջ ձեռնարկված միջոցառումները։ Տարհանվածների թիվը գերազանցել է 735 հազարը, աշխատանքները շարունակվում են։ Կուբային դժվար գիշեր է սպասվում, բայց մենք կվերականգնվենք», - գրել է նախագահը X սոցիալական ցանցում։
Վերջին տվյալների համաձայն՝ Կուբային մոտենալուն զուգահեռ փոթորիկը, որն ավելի վաղ, ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, դասվել էր ամենաբարձր՝ հինգերորդ կատեգորիային, թուլացել է՝ հասնելով երրորդ կատեգորիայի։ Քամու առավելագույն արագությունը հասնում է 205 կմ/ժ-ի։
Սպասվում է, որ «Մելիսա»-ն Կուբայում կմոլեգնի հոկտեմբերի 29-ին ավելի ուշ։ Օդերևութաբանները զգուշացնում են հեղեղումների և սողանքների վտանգի մասին։
Ըստ կանխատեսումների՝ փոթորիկն ավելի ուշ կհասնի Բահամյան կղզիներ, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Բերմուդյան կղզիներ։
Հոկտեմբերի 28-ին փոթորիկը մոլեգնել է Ճամայկայում, որտեղ առնվազն 3 մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրականության։ Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել։
Հայիթիում փոթորիկի զոհ է դարձել երեք, Դոմինիկյան Հանրապետությունում՝ մեկ մարդ









