Foto

Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ է փորձարկել՝ Հարավային Կորեա Թրամփի այցին ընդառաջ

Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզու արևմուտքում հոկտեմբերի 28-ին փորձարկել է ծով-ցամաք դասի թևավոր հրթիռներ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կորեա այցին ընդառաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրթիռները օդում են եղել շուրջ 2 ժամ 10 րոպե։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը փորձարկմանը ներկա չի եղել։ Ըստ հյուսիսկորեացի զինվորականների՝ «կարևոր հաջողություններ են գրանցվում» ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը գործնականորեն զարգացնելու գործում՝ ըստ երկրի կառավարող կուսակցության առաջադրած պլանի։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ արձանագրել են հրթիռների արձակումը Դեղին ծովում, տեղական ժամանակով 15։00-ի մոտակայքում։ Փորձարկման մանրամասները վերլուծվում են։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն արդեն ժամանել է Կորեայի Հանրապետություն, հայտարարել է, որ այս այցի ընթացքում ժամանակ չունի հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, ինչն ավելի վաղ չէր բացառել։ ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է, որ կփորձի կարգավորել երկու Կորեաների միջև հարաբերությունները։