Foto

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումում՝ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ձգտումներին եւ դրա հետ կապված հնարավոր հետեւանքներին։ «Փաշինյանը հայտարարել է, որ իր կուսակցության՝ գալիք ընտրություններում ներկայացվելիք ծրագիրը լինելու է այն ջանքերի ավելացումը, որոնք կարագացնեն Հայաստանի ԵՄ անդամակցությունը։ Սակայն այն տեսքով, որով ձեւակերպված է դա, իրատեսական չէ։ Քանի որ ԵՄ անդամակցությունը ենթադրում է եվրոպական չափանիշների եւ եվրոպական նորմերի ներդրում ու կիրառում, իսկ դա չափազանց տեւական գործընթաց է։

Որպես օրինակ՝ մենք տեսնում ենք երկրներ, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը, որ այդ գործընթացները տարիներ են տեւում, ընդ որում՝ հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։ Վրաստանում այդ գործընթացը սկզբունքորեն հիմա սառեցված է, քանի որ այն նորմերի մի մասը, որոնք առաջարկում է Եվրամիությունը, հանդիսանում է ինքնիշխանության մասնակի կորուստ, եւ դրան վրացական ղեկավարությունը չկարողացավ գնալ։ Նույնիսկ Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում պարզ չեն ժամկետները, թե երբ կկարողանան անդամակցել Եվրամիությանը։ Իսկ եթե խոսենք ներկայիս իրողությունների մասին, ապա ոչ բոլոր փորձագետներն են դրա հետ համաձայն։ Այն տնտեսական հաջողությունները, որոնք ունի Հայաստանը վերջին տարիներին, կապված են ԵԱՏՄ-ում նրա մասնակցության հետ։

Հայաստանը կոնկրետ արտոնություններ է ստանում ռուսական շուկա ազատ հասանելիությամբ, էժան գազով, էժան ցորենով, էժան նավթամթերքներով եւ այլ հումքային ապրանքների մասով։ Համապատասխանաբար՝ եթե Հայաստանը պատրաստ է հրաժարվել այդ ամենից, ապա, ամենայն հավանականությամբ, դա կունենա բացասական հետեւանքներ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի եւ կայունության վրա։ Եվ կրկնվեմ, այդ ամենն ուղեկցվելու է շատ անորոշ հեռանկարով, թե երբ Հայաստանը կհայտնվի այն մակարդակում, որ համապատասխանի ԵՄ անդամակցության ստանդարտներին»,- ասել է Տասիցը։


Քաղաքագետի կարծիքով, գոյություն ունեն փոխադարձաբար բացառող կախվածություններ՝ Հայաստանի ԵՄ անդամակցության եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի համար։ Նա նկատել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումում՝ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում, քանի որ այդ միավորումներից ամեն մեկն իր չափանիշներն ունի։ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում ազատ առեւտրի ընդհանուր տարածք կա, որը ենթադրում է վերջինիս պաշտպանություն արտաքին ապրանք արտադրողներից։ Հետեւաբար, նկատում է Տասիցը, եթե Հայաստանը որեւէ կերպ բացում է իր շուկան եվրոպական ապրանքների համար, դա սպառնալիք կդառնա ԵԱՏՄ մյուս երկրների համար։ «Այսինքն՝ համատեղելը հնարավոր չէ։ Հայաստանը, հետեւաբար, պետք է ընտրի, թե ինչն է համարում իր համար ավելի հեռանկարային»,- ամփոփել է փորձագետը։