«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ներխուժեց Արցախ։
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտելով հրադադարը` հասցրեց հրթիռահրետանային հարվածներ խաղաղ բնակչության ուղղությամբ։
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցանք 244 զոհ, այդ թվում՝ երեխաներ, բազմաթիվ անհետ կորածներ և վիրավորներ։
Արցախի մեր հայրենակիցները չստանալով ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ աջակցություն՝ անձնվիրաբար մինչև վերջ կռիվ տվեցին Արցախի հայկական մնալու համար։
Ցավոք, Արցախը հայաթափվեց։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվեց Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:
Զարմանալի չէ, որ իշխանական խմբակի կողմից որևէ հիշատակում, որևէ խոսք չկա 2023 թվականի այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Լկտիությունը հասել է այնտեղ, որ այսօր՝ Արցախի հայաթափման օրը, երբ նույն պահին Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին վերնագրով։
Արցախը ձեզ համար հայրենիք չէր։ Դուք վախենում եք անգամ «Արցախ» բառն արտաբերելուց։
Բայց հիշեք, որ դուք անցողիկ եք, հայրենիքն ու ազգը՝ հարատև։
Արցախի էջը փակված չէ։ Արցախցիների իրավունքների հարցն ու Արցախ վերադարձը պետք է լինի ազգային իշխանության առաջնային նպատակներից մեկը։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսներին․․․