Foto

Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի

Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել տարբեր ազգությունների 52 բանտարկյալի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքից հետո: Բանտարկյալները ԱՄՆ պատվիրակության հետ տեղափոխվել են Լիտվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բանտարկյալների ազատ արձակման հարցով դիմել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ի պատասխան Լուկաշենկոյի ժեստի՝ ԱՄՆ-ն կմեղմացնի Բելառուսի ազգային ավիաընկերության՝ Բելավիայի նկատմամբ պատժամիջոցները:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան բանտարկյալների ազատ արձակումն անվանել է «մեծ դիվանագիտական հաղթանակ Միացյալ Նահանգների և մեզ բոլորիս համար»:

Ըստ ԲելՏԱ լրատվական գործակալության՝ ազատ արձակվածների թվում, բացի ԱՄՆ քաղաքացիներից, կան նաև Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի 14 քաղաքացիներ:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ: Կողմերը քննարկել են Բելառուսում բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակման հարցը։

Ջոն Քոուլն Ալեքսանդր Լուկաշենկոյին էր փոխանցել Դոնալդ Թրամփի նամակը: Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Թրամփին աշխարհի տարբեր մասերում խաղաղության հաստատման ուղղությամբ նրա ջանքերի համար: