Foto

Զիջումների ուղի․ ինչպես է Հայաստանի տարածքը վերածվում Ադրբեջանի ռազմավարական նախագծի

Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դիտարկվում է բացառապես որպես տարածաշրջանային հաղորդակցությունների և տարանցիկ նախագծերի լրացուցիչ օղակ՝ առանց որևէ երաշխիքի, որ Հայաստանը կունենա շահագրգիռ մասնակցություն կամ օգուտ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բաց տեքստով ընդգծեց, որ միջանցքի գործարկումը ընդլայնելու է Միջին միջանցքի հնարավորությունները։ Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքը ընկալվում է որպես աշխարհագրական անցում, որի միջոցով Բաքուն պատրաստվում է ամրապնդել իր դիրքերը Չինաստան–Եվրոպա առևտրային մայրուղում։ Բաքուն գիտի, թե իրեն ինչ է պետք այդ տարածքից և ինչպես է դա օգտագործելու։ Ալիևն հստակ ուրվագիծ ունի՝ այն կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի Բաքվի համար, իսկ տեղափոխման ճանապարհն օգտագործելիս ադրբեջանցիները հայ սահմանապահների չեն հանդիպի։ ՀՀ-ն միայն մտածում է այդ տարածքը պատրաստի տեսքի բերելու և Ադրբեջանին հանձնելու մասին, իսկ ՀՀ-ի օգուտը թերևս կլինի այն, որ Ալիևն ինչ-որ չափի մաքսատուրք կտա ու վերջ։
Իլհամ Ալիևը Չինաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»։ Այս ձևակերպումով Ալիևը փաստացի փորձում է փակված համարել կոնֆլիկտի հարցը՝ շրջանցելով Երևանի օրակարգն ու մտահոգությունները։ Բաքվի պատկերացմամբ՝ խաղաղությունը պայմանավորված է ոչ թե փոխադարձ զիջումներով ու վստահության ամրապնդմամբ, այլ միջանցքային նախագծերի արագ իրագործմամբ և դրանում համոզել է նաև Փաշինյանին։
Անարգել հաղորդակցություն տրամադրելով Ադրբեջանին՝ Հայաստանը փաստացի բացում է իր տարածքը այն պետության համար, որի հետ դեռ չկան կայուն խաղաղության երաշխիքներ, և Ալիևն էլ ասում է, որ երկկողմ համագործակցություն է։ Սա նշանակում է, որ հետագայում որևէ մեկը չի կարողանալու ԱՄՆ-ին կամ որևէ այլ մեկին մեղադրել առաջացած խնդիրներում։
Իսկ վտանգները չափազանց արդիական են՝ միջանցքը կարող է Հայաստանի փոխարեն ակտիվացնել Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտային ուղիները՝ Հայաստանը թողնելով շրջանցված։ Հայաստանը չի դառնում ոչ ապրանքաշրջանառության հանգույց, ոչ էլ տարանցիկ ծառայություններից եկամտի իրական շահառու։ Սխեման կառուցված է այնպես, որ տնտեսական շահույթը մնա Բաքվի ու նրա գործընկերների մոտ։
Չինաստանի և Ադրբեջանի սերտ համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ցույց է տալիս, որ միջանցքը դիտարկվում է գլոբալ նախագծերի մաս։ Այդ պայմաններում Հայաստանի շահերը նույնիսկ օրակարգ չեն բարձրացվում։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հեռանկար չի ապահովում։ Այն Բաքվի կողմից օգտագործվում է որպես ռազմավարական գործիք՝ տարածաշրջանային լոգիստիկայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Հայաստանի համար այն ոչ թե զարգացման հնարավորություն է, այլ ինքնիշխանության սահմանափակման և տնտեսական շրջանցման լուրջ ռիսկեր է պարունակում։ Իսկ անվտանգային տեսակետից՝ գտնվելու ենք կոլապսի մեջ. ԱՄՆ-ն միայն աջակցություն է տալիս միջանցքին, Ռուսաստանը նախընտրում է չեզոք դիրքում լինել, իսկ ՀՀ իշխանության որդեգրած զիջողական քաղաքականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ բնակչության համար՝ հատկապես որ ՀՀ-ն զրկված է լինելու նաև Ադրբեջան մտնող և դուրս եկող բեռները ստուգելու հնարավորությունից։

Հեղինակ: Աննա Ավետիսյան